Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Եթե տնտեսավարողը շուկայում մրցակիցներ չունի, գների բարձրացումները պետք է տնտեսապես հիմնավորված լինեն»

«Եթե տնտեսավարողը շուկայում մրցակիցներ չունի, գների բարձրացումները պետք է տնտեսապես հիմնավորված լինեն»
13.03.2009 | 00:00

«ՈՎ ՉԻ ԴԻՄԱՆԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆԸ, ԿԶՈՀՎԻ»
Հայաստանում վերջին շրջանի տնտեսական և սպասվող քաղաքական զարգացումները մեկնաբանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Պարոն Մինասյան, վերջին օրերի ամենամեծ ցնցումը դոլարի կուրսի ազատ արձակումն էր։ Սկզբում կառավարությունը զսպում էր դրամի արժեզրկումը, և կան խոսակցություններ, որ դոլարն ազատ արձակվեց ռուսական վարկը տեղ չհասնելու պատճառով։ Արդյոք ահռելի չէ՞ր այս ցնցումը Հայաստանի տնտեսության համար։
-Անցած տարվա վերջից օբյեկտիվ պատճառներով դրամի արժեզրկումն ավելացավ։ Գաղտնիք չէ, որ կենտրոնական բանկը պարբերաբար դոլար էր մտցնում շուկա` փոխարժեքը 305-307 դրամի սահմաններում պահելու համար։ Դա, բնականաբար, երկար տևել չէր կարող, որովհետև այդ ռեսուրսներն անսպառ չէին։
-Այդ դեպքում ինչո՞ւ ավելի շուտ լողացող կուրս չսահմանվեց։
-Պատճառները մի քանիսն են։ Նախ` պետք էր նախապատրաստել բանկային համակարգը, որ մեզ մոտ չկրկնվեր ՈՒկրաինայի ու բալթյան երկրների իրավիճակը, երբ ժողովուրդը գրոհեց բանկերը, ավանդները հետ վերցրեց, ու համակարգերը կանգնեցին փլուզման շեմին։ Ցանկացած երկիր, որի բանկային համակարգում նման իրավիճակ է ստեղծվում, կորցնում է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ փուլի հաղթահարման լուրջ հնարավորություններ, որովհետև անհնարին է դառնում բանկերի միջոցով տնտեսության ֆինանսավորումը։ Մեր դեպքում կար նաև երկրորդ խնդիրը` սոցիալական։ Մեր քաղաքականությունը վերջին տարիներին ունի այդպիսի ուղղվածություն, և դոլարի կուրսի պահպանումը Հայաստանում զսպում էր նաև գնաճը։ Դրա շնորհիվ անցած տարին փակեցինք 5,2 տոկոս գնաճով, այն դեպքում, երբ ԱՊՀ մյուս երկրներում այն կազմել է նվազագույնը 10 տոկոս, որոշ երկրներում` ավելի։
-Սակայն մարտին կուրսն ազատ արձակելով էլ մենք գնաճից չկարողացանք խուսափել։
-Նախ` արձանագրենք, որ բանկերում արդեն կուտակվել են համապատասխան միջոցներ, բանկերն ունեն բոլոր հնարավորություններն ավանդատուների պահանջները բավարարելու և միաժամանակ տնտեսությանն անհրաժեշտ վարկեր տրամադրելու։ Հունվար-փետրվարին մենք նույնիսկ գնանկում ենք ունեցել 0,7 տոկոսի չափով։ Ավելի հարմար պահ դժվար էր գտնել` դոլարի լողացող կուրս սահմանելու համար։ Կանխատեսվում էր, որ գնաճը մեծ չի լինի, դա մասամբ արդարացավ, որովհետև միայն որոշակի ապրանքատեսակների գները կտրուկ բարձրացան, այն էլ ոչ երկար ժամանակով։ Ապրանքային շուկաներում էլ աժիոտաժը բավականին կարճ տևեց։
-Բայց ցնցումից խուսափել չհաջողվեց։ Օրինաչա՞փ էր գների այսպիսի բարձրացումը, և կառավարությունը մեխանիզմներ ունի՞ առանձին բիզնեսմենների ակնհայտ սպեկուլյատիվ քայլերը սահմանափակելու համար։
-Շատ ապրանքատեսակների մասով գնաճը բավականին մեղմ դրսևորում է ունեցել։ Չեմ ժխտում, որ եղան չհիմնավորված կտրուկ փոփոխություններ, և այս կապակցությամբ մի քանի հանգամանք պետք է պարզաբանենք. տնտեսավարողները, հատկապես ներկրողները, բարձրացրին իրենց ապրանքների գներն այն հիմնավորումով, թե դոլարն արդեն թանկացել է, իսկ իրենք նոր գնով բավարար քանակի արտարժույթ պետք է ձեռք բերեն, որպեսզի կարողանան նույն քանակի ապրանք ներմուծել։ Առաջին հայացքից սա տրամաբանական հիմնավորում է, եթե մեր հիշողությունը կարճ լիներ։
Բայց մենք շատ լավ ենք հիշում, որ երբ դրամն արժևորված էր, և դոլարի գինը տատանվում էր 305-307-ի սահմանում, այդ նույն ներկրողները վաճառվող ապրանքի գինը չէին իջեցնում, պատճառաբանելով, թե թանկ են ներկրել։ Այս պարագայում երկակի ստանդարտը, իհարկե, ակնհայտ է, և տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է այս հանգամանքը նկատի ունենա, եթե հետագայում դրամը կրկին արժևորվի, ապա ապրանքների գները պետք է նվազեն։ Հանձնաժողովի ձեռնարկած միջամտությունները` սպեկուլյատիվ դրսևորումները կանխելու ուղղությամբ, միանգամայն արդարացված են։ Մանավանդ մոնոպոլ շուկայի դեպքում։ Որովհետև եթե տնտեսավարողը շուկայում մրցակիցներ չունի, գների բարձրացումները պետք է տնտեսապես հիմնավորված լինեն։ Այժմ հանձնաժողովը 5-6 շուկաներում ուսումնասիրություններ է իրականացնում նաև այն ուղղությամբ, որ հին արժեքով բերված ապրանքները թանկ չվաճառվեն, կամ դա պետք է հանգեցնի համապատասխան հարկային պարտավորությունների ավելացման։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ մենք համեմատաբար անցավ դուրս եկանք այս գործընթացից, և կարճ ժամանակում իրավիճակը հիմնականում կարգավորվեց։ Կան, իհարկե, փաստեր, որոնց վերաբերյալ հետևություններ պիտի արվեն` ապագայում դրանց կրկնությունը թույլ չտալու համար։
-Երբ դրամն արժևորված էր, ներքին արտադրողները դժգոհում էին, որ իրենք տուժում են, իսկ ներմուծողները` խոշոր շահույթներ ստանում։ Հիմա դրամը թուլացավ, արդյոք դա խթանելո՞ւ է ներքին արտադրությունն ու արտահանումը։
-Համամիտ եմ, որ արտահանող տնտեսության համար դժվար էր, և հիմա ստեղծված վիճակն ավելի նպաստավոր է արտադրության համար։ Սակայն մենք պետք է նկատի ունենանք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում արտահանումը նվազել է ամենուրեք, բոլոր երկրներում։ Սա մեզ համար լրացուցիչ խթան կարող է լինել, բայց միայն դրա հետ հույսեր կապելը միամտություն է։ Յուրաքանչյուր ճգնաժամի ժամանակ իշխանությունն ընդունում է որոշումներ և օրենքներ, որոնք կայուն տնտեսական իրավիճակում իշխանությունը չէր ձեռնարկի։ Ես նկատի ունեմ պետության ակտիվ միջամտությունը տնտեսական գործընթացին։
-Այսինքն, պետք է ճգնաժա՞մ լիներ, որպեսզի պետությունը սկսեր միջամտել։
-Այս հարցում տարբեր տեսակետներ կան։ Մի շարք տնտեսագետներ այսօր էլ շարունակում են պնդել` որևէ փուլում ճգնաժամ կլինի թե ոչ, պետության միջամտությունն արդարացված չէ։ Այսինքն` ամեն ինչ պետք է զարգանա շուկայի օրենքներով, հիվանդն առողջանա իր ռեսուրսների հաշվին, իսկ ով չի դիմանա հիվանդությանը, կզոհվի։ Սա տարածված տնտեսագիտական թեզ է, որը, սակայն, ճգնաժամի պայմաններում որևէ երկրի իշխանություն չի կիրառում։ Այսինքն` հասկանալով, որ տնտեսական գործընթացներին պետական միջամտությունը և, մասնավորապես, ներքին արտադրողի նկատմամբ պրոտեկցիա կիրառելն ինչ-որ տեղ տնտեսական իրավահավասարության անտեսում է, բոլոր կառավարություններն անում են դա։ Հետևաբար, մենք էլ չենք կարող այդ իրողությունը հաշվի չառնել։
Իհարկե, ծայրահեղ դրսևորումներն այստեղ անթույլատրելի են։ Սակայն միանգամայն արդարացված եմ համարում Քաջարանի, Կապանի, Ագարակի լեռնահանքային կոմբինատներին պետական վարկավորում տրամադրելու կառավարության վերջին նախաձեռնությունները։ Դա պետք է օժանդակի արտադրության ծավալների վերականգնմանը, աշխատատեղերի պահպանմանը։ Մանավանդ որ լեռնահանքային արդյունաբերությունը Հայաստանում համակարգաստեղծ ոլորտ է, նրա գործունեության ընդլայնման հետ աշխուժանում են հարակից ոլորտները։ Արդարացված եմ համարում նաև վարչապետի նախագահությամբ նոր հանձնաժողովի ստեղծումը, որը զբաղվում է արդյունաբերության վերագործարկման խնդիրներով։ Առաջին անգամ է, որ պետությունը պատրաստակամություն է հայտնում պետական վարկերով աջակցելու լուրջ բիզնես ծրագիր ներկայացրած այն տնտեսավարողներին, ովքեր այսօր ֆինանսական միջոցների պակաս ունեն։ «Թամարա ֆրուտ», «Մեգա Արարատ», «Արտաշատի գյուղմթերքների վերամշակման կոմբինատ» ձեռնարկություններին, օրինակ, տրամադրվեցին այդպիսի վարկեր, ինչը կարևոր է, որովհետև այս ոլորտն անմիջականորեն առնչվում է գյուղատնտեսությանը և հազարավոր գյուղացիների ապահովում աշխատանքով։
-Իսկ ինչո՞ւ էր կառավարությունը նախկինում խուսափում այդ վարկերը տրամադրելուց։
-Յուրաքանչյուր պետություն ավանդաբար խուսափում է դրանից, որովհետև մտավախություն կա, թե վարկերի վերադարձելիության պրոբլեմ կառաջանա։ ՈՒշագրավ է, որ կառավարությունը մեկ այլ հետաքրքիր մոտեցում էլ է որդեգրել։ Այն ձեռնարկությունները, որոնք չունեն ֆինանսական միջոցներ և ունեն մենեջմենթի պրոբլեմ, կարող են իրենց բաժնետոմսերի մի մասը ժամանակավոր զիջել պետությանը։ Կառավարությունը պետական մասնագետների միջոցով կստանձնի այդ բիզնեսի կառավարումը, կներդնի վարկային միջոցներ, և երբ ձեռնարկությունը ոտքի կկանգնի ու կմարի վարկը, բաժնետոմսերի` պետությանն անցած մասը կվերադարձվի սեփականատիրոջը։
Եվ, իհարկե, ճգնաժամային իրավիճակում պետության կողմից իրականացվող հիմնական ներդրումների ոլորտ են ենթակառուցվածքները։ Մասնավորապես ճանապարհների, ոռոգման ցանցերի, ջրամբարների կառուցում։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում դրանք արդյունավետ ներդրումներ են, որովհետև ստեղծում են անհրաժեշտ աշխատատեղեր և միաժամանակ մնայուն են, քանզի կարող են շահագործվել նաև ճգնաժամի ավարտից երկար տարիներ հետո։ Մեր պարագայում այդպիսի ներդրում կարելի է համարել այս գարնանն աղետի գոտում մեկնարկող լայնածավալ շինարարությունը, որը բազմահազար աշխատատեղեր կստեղծի գործազրկության լուրջ խնդիր ունեցող Շիրակի և Լոռու մարզերում։ Ասիական բանկն արդեն համաձայնել է ֆինանսավորել Բավրա-Մեղրի միջպետական ճանապարհի կառուցման նախագիծը, որը կարևորագույն կոմունիկացիոն հանգույց է դառնալու մեր տարածաշրջանում` Իրանի Իսլամական Հանրապետությունը կապելով Վրաստանի և նրա միջոցով եվրոպական երկրների հետ։ Կարծես վերջնականապես ճշգրտվում է նաև Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման ժամանակացույցը, կան կանխատեսումներ, որ արդեն այս տարվա վերջին նոր ռեակտորը կպատվիրվի Ռուսաստանում։ Սրանք բոլորը նախագծեր են, որ լրացուցիչ ներդրումներ և համապատասխանաբար աշխատատեղեր են ստեղծելու։
-Ձեր նկարագրմամբ, իրավիճակը մեզ մոտ ոչ միայն լավ է, այլ նույնիսկ վարդագույն։
-Դիտարկմանը համաձայն չեմ։ Համաշխարհային ճգնաժամի պայմաններում որևէ երկրում չի կարող լավ լինել։ Դա նույնն է, թե հունվարի կեսին +30 աստիճանի եղանակ ակնկալես։ Իհարկե, մեզ մոտ լուրջ դժվարություններ կան` և՛ գործազրկություն, և՛ տնտեսական խնդիրներ։ Բայց դրանց ուղղությամբ կառավարությունը գործում է, և ես չեմ կարծում, թե որևէ այլ կառավարություն կհաջողեր անել ավելին, քան արվում է այսօր։ Տնտեսական աճի անկում է ամենուրեք։ Եվրոպացիների գնահատականներով կանխատեսվում էր, որ Եվրամիության երկրներում այս տարի տնտեսական աճը կկազմի 2 տոկոս, այս տարվա սկզբին ասում էին, որ աճ չի լինի։ Հիմա արդեն տնտեսական անկում է կանխատեսվում։ Հասկանալի է, որ այդ խնդիրը մենք էլ ենք ունենալու, բայց, կարծում եմ, մեր ռեսուրսները բավարարում են, որ ավելի վատ չլինի, քան ԱՊՀ մյուս երկրներում։ Համենայն դեպս, առայսօր Հայաստանը միջինից ավելի լավ ցուցանիշով է դիմակայում ճգնաժամին։
-Մինչդեռ հարևան Վրաստանի նախագահն օրերս հայտարարեց, թե Ռուսաստանից աննախադեպ կախվածության հետևանքով Հայաստանի տնտեսությունը փլուզվել-վերջացել է։
-Ճիշտն ասած, չէի ցանկանա մանրամասնել, թե որ երկիրն ինչից է կախված։ Պարզապես հիշեցնեմ, որ մինչև վերջերս Վրաստանի կառավարության աշխատավարձը վճարվում էր ԱՄՆ-ից։
-Անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին։ Երևանում ավագանու ընտրություններն են, որոնց կառավարող կոալիցիայի կուսակցությունները մասնակցելու են առանձին ցուցակներով։ Սա ՀՀԿ-ի՞ նախաձեռնությունն էր, թե՞ Ձեր դաշնակիցները չուզեցին միասնական ցուցակով մասնակցել։
-Սա համատեղ որոշում է, և նման բաներ հաճախ են լինում։ Կոալիցիոն համաձայնագիրը ստորագրած չորս կուսակցություններն այդ փաստաթղթով պարտավորություն չեն ստանձնել, որ ցանկացած մակարդակի ընտրություններին պիտի մասնակցեն միասին։ Այս ընտրություններով Երևանը դառնում է համայնք, ճիշտ է` մեծ համայնք։ Բայց յուրաքանչյուր կուսակցություն հանդես կգա իր ցուցակով և ինքնուրույն պայքար կմղի։ Կարծում եմ` կկարողանանք դրական օրինակ ցույց տալ, որ կարելի է ընտրապայքար մղել առանց սև քարոզչության։ Իհարկե, ընդդիմության պարագայում այդ առումով հույսեր տածելն անիմաստ է, ինչպես ցույց է տալիս փորձը։
-Կոալիցիայի գործընկերների մասով համոզվա՞ծ եք, որ ոչ ոք կոռեկտության սահմանները չի անցնի։
-Կարծում եմ` այո։ Կառավարությունում ու խորհրդարանում մենք միասին ենք աշխատում, և դա պետք է որ հիմք հանդիսանա ընտրապայքարում միմյանց նկատմամբ կոռեկտ լինելու առումով։
-Իսկ եթե ընտրապայքարն այնքան սուր լինի, որ հանգեցնի կոալիցիայի փլուզմա՞ն։
-Խիստ անհավանական կլինի նման զարգացումը։ Ընտրական պրոցեսում, անշուշտ, որոշակի ազատություն պետք է լինի։ ԱՄՆ-ի վերջին ընտրություններում էլ մենք ականատես եղանք, թե նույն կուսակցության երկու թեկնածուներ ինչպես էին բավական ազատ արտահայտվում միմյանց մասին։ Բայց դա չխանգարեց, որ նախագահ դարձած թեկնածուն պետքարտուղարի պաշտոնն առաջարկեր իր կուսակցական ընդդիմախոսին։
-Չե՞ք կարծում, որ տնտեսական ճգնաժամը նպաստում է ընդդիմության շուրջ դժգոհ բնակչության որոշակի համախմբմանը։
-Չեմ առարկում, ստեղծված իրավիճակում հանրության մեջ կա որոշակի դժգոհություն ճգնաժամի հետևանքներից։ Բայց Հայաստանը համաշխարհային տնտեսական ճգնաժամի խճանկարի մի օբյեկտիվ դրսևորումն է այսօր։ Ընդդիմությունն ունի որոշակի շանսեր քաղաքային ավագանու ընտրություններում ձեռքբերումներ ունենալու առումով։ Բայց չեմ կարծում, թե այդ շանսն այնքան է, որ հաղթանակի հնարավորություն է ընձեռում։
-Իսկ ՀՀԿ-ն հավակնո՞ւմ է միանշանակ հաղթող հանդիսանալու, այսինքն` 50 տոկոսից ավելի ձայն ունենալու քաղաքային ավագանու կազմում։
-Ընտրական գործընթացին մասնակից յուրաքանչյուր քաղաքական ուժ միշտ էլ հավակնում է առավելագույնին։ Ես համոզված եմ, որ մեր կուսակցությունն ունենալու է ծանրակշիռ ձեռքբերում և համապատասխան ներկայություն։ Այդ կանխատեսումը հետևանք է ոչ միայն մեր կատարած աշխատանքի, այլև այն միջոցառումների, որոնք իրականացնում է կառավարությունը ճգնաժամի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ։ Պարզապես մենք հիմա ֆինանսատնտեսական ճգնաժամի բուն պրոցեսի մեջ ենք։ Երբ այն հաղթահարված կլինի, հնարավորություն կունենանք հետադարձ հայացքով գնահատելու ընդդիմության առաջնորդների հնչեցրած այսօրվա կանխատեսումները։ Չեմ կարծում, թե այդ համեմատությունը կլինի այդ կանխատեսումների օգտին, որովհետև դրանք ուղղակի չեն իրականանա։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2622

Մեկնաբանություններ